Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր՝ փետրվարի 11-ին ի թիվս այլոց, քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարի հայ-ուկրաինական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ հիմքեր է ստեղծում երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների միջեւ համագործակցության հետագա խորացման համար:
Կոնստանտին Գրիշչենկոն համոզմունք է հայտնել, որ իր այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության համակողմանի զարգացմանը:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունի ընդարձակ իրավապայմանագրային դաշտ, որը հարկավոր է ընդլայնել նոր փաստաթղթերով: Նրանք մանրամասնորեն քննարկել են հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր՝ կարեւորելով այդ կառույցի պարբերական նիստերի անցկացումն ու արդյունավետության բարձրացումը:
Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ այս տարի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարի եւ վարչապետի` Հայաստան կատարելիք այցելություններին:
Էդվարդ Նալբանդյյան ու Կոնստանտին Գրիշչենկոն պայմանավորվել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսման, հումանիտար բնագավառի փոխանակումների, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման շուրջ: Այս ենթատեքստում կարեւորվել է այս տարի Ուկրաինայում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Ուկրաինայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 2013 թ. ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում ընգծվել է ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակաբար հնչեցվող դիրքորոշմանը համահունչ փոխգործակցությունը:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են 2011-2012 թթ. հայ- ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը:
Ստորագրման արարողությունից հետո նախարարները մամուլի ասուլիս են հրավիրել:





























