Փետրվարի 11-ի երեկոյան կայանալու է Հայաստանի կառավարող կոալիցիայի նիստ, որի ընթացքում հստակեցվելու է կառավարող ուժերի դիրքորոշումը կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ:

Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն արդեն հայտարարել են փաստաթղթին իրենց աջակցության մասին: «Բարգավաճ Հայաստանն» առայժմ պատասխան չի տվել այդ կապակցությամբ եւ հանելուկային լռություն է պահպանում: ԲՀԿ-ական պատգամավորներն անգամ չմասնակցեցին խորհրդարանի ավանդական ճեպազրույցներին, եւ, ըստ էության, լրագրողներին կրկին չհաջողվեց ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Այդուհանդերձ, արդեն երեկոյան կառավարող կոլաիցիայի շարքերում իրավիճակը կպարզվի: Փետրվարի 12-ին կայանալու է ԲՀԿ հերթական համագումարը:

Կոալիցիոն նոր հուշագրի տեքստում, մասնավորապես, համաձայնեցվում են համագործակցության պայմանները 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Հայաստանի կոալիցիան բաղկացած է երեք կուսակցություններից` Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան»: