Թուրքիայի խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումների ժամանակ «պարոն Օջալան» արտահայտությունը կրկին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների միջեւ բախման առիթ է դարձել։
Նիստի ընթացքում քրդական կուսակցությունից Հասիփ Քափլանը Իմրալը կղզում բազմաթիվ կազմակերպված սպանությունների եւ պայթյունների մեղադրանքով ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հարգանքով անվանել է. «պարոն Օջալան», որին շատ խիստ են արձագանքել իշխող կուսակցության պատգամավորները։ խորհրդարանի փոխնախագահն զգուշացրել է քուրդ պատգամավորին՝ «պարոն» չանվանել մի մարդու, ով 40 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:
Այդ ընթացքում խոսքի իրավունք է ստացել քրդական կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը, ով հակադարձել է խորհրդարանի փոխնախագահին՝ ասելով. «Դո՞ւք եք մեր ուղեղի տերը։ Ի՞նչ է՝ մենք արժեքներ չունե՞նք։ Դուք նրան ահաբեկիչ եք ասում, իսկ մենք՝ ոչ»։
Քուրդ պատգամավորի այս խոսքն ավելի է թեժացրել իրավիճակը, որին հետեւել են փոխադարձ հայհոյանքները: Քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը չի դիմացել եւ բռունցքով հարվածել ու տապալել է Էրդողանի կուսակից Թեվֆիք Զիյաեդին Աքբուլութին։
Սրանից հետո խորհրդարանի հեռուստաընկերությունը դադարեցրել է եթերը։


































