2010 թվականին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 33 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 79 խախտում։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով նախապատրաստվել է 21 նյութ, հարուցվել է 23 հայց և 12 քրեական գործ, կամովին վերականգնվել է 736 մլն 267 հազար դրամ։

Այս մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում տեղեկացրել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

Նախորդ տարի դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 433 ստուգում, հայտնաբերվել 533 իրավախախտում։ Կամովին պետբյուջե վերականգնվել է 972 մլն 458 հազար դրամ։

2010-ի ընթացքում վարչության նախագծերով գլխավոր դատախազի տեղակալը դատարան է ներկայացրել 65 հայց՝ 900 մլն–ից ավելի հայցապահանջով։

Դատարանները դատական ակտեր են կայացրել 51 հայցով, բավարարվել է 46 հայց։