Կահիրեի եւ Ալեքսանդրիայի հրապարակներում ցուցարարների թիվը ամեն ժամ ավելանում է: Տեղեկատվություն է ստացվում Եգիպտոսի այլ քաղաքներում սպասվող ցույցերի մասին: Սպասվում է, որ միտինգներին եւ երթերին, որոնք տեղի կունենան հինգշաբթի օրվա աղոթքից հետո, կմասնակցի ավելի քան 10 միլիոն մարդ:
Բողոքի ցույցերը կընթանան «Մուբարա՜ք, հեռացի՜ր այսօր» կարգախոսի ներքո:
Կահիրեի «Ալ-Ազհար» իսլամական համալսարանի ուսանողները հայտարարել են, որ Թահրիրի հրապարակում կրկին կմիանան ցուցարարներին եւ այնտեղ միասին աղոթք կանեն:
Ցուցարարների կողմը անցնելու մասին հայտարարել են նաեւ ուսուցիչների եւ բժիշկների արհմիությունները, ինչպես նաեւ մշակույթի գործիչներ:
Ընդհանուր գործադուլ են հայտարարել ռազմական գործարանների եւ տեղական ծառայությունների աշխատակիցները: Շարունակվում է Սուեզի ջրանցքի շրջանի երեք ձեռնարկությունների գործադուլը:
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, ընդդիմության հետ կապեր ունեցող իրավաբանների խումբը արշավ է նախաձեռնել «ժողովրդից թալանված հարստությունը վերադարձնելու նպատակով»: Զինված ուժերին կոչ է արվել մինչեւ հետաքննության ավարտը երկրից դուրս չթողնել առնվազն 20 բարձրաստիճան պաշտոնյայի:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Թահրիրի հրապարակում ցուցարարներին կմիանա Եգիպտոսի բանակի 15 սպա, այց թվում փոխգնդապետներ::
Հիշեցնենք, որ 17 օրվա ընթացքում, Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում, զորքը չի խառնվել հակակառավարական բողոքի ակցիաներին: Ընդ որում, ռազմական ղեկավարությունը հայտարարում էր, որ կիսում է ժողովրդի օրինական պահանջները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:





























