«Ես հետախույզ չեմ, որպեսզի տիրապետեմ տարբեր գաղտնի տեղեկությունների»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով կոալիցիայի առաջիկա նիստի եւ համագործակցության նոր հուշագրի մասին:
Ընդ որում, Սահակյանը լրագրողներին խորհուրդ է տվել չկենտրոնանալ կուսակցությունների գործունեության վրա. «Պետությունը գոյություն ունի շնորհիվ ժողովրդի, այլ ոչ թե կուսակցությունների»:
Անդրադառնալով նրան, որ կոալիցիոն հուշագիրը պարունակում է 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու դրույթ, Սահակյանն ասել է, թե քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրար հետ վերջնագրերի լեզվով. «Յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրել իր ուղին»: Սահակյանը հայտարարել է, թե ցանկանում է, որ կառավարող կուսակցությունը շարունակի համագործակցությունը` կոալիցիայի շրջանակներում:
Նշենք, որ փետրվարի 11-ի երեկոյան կայանալու է Հայաստանի կառավարող կոալիցիայի նիստ, որի ընթացքում հստակեցվելու է կառավարող ուժերի դիրքորոշումը կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ: Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն արդեն հայտարարել են փաստաթղթին իրենց աջակցության մասին: «Բարգավաճ Հայաստանն» առայժմ պատասխան չի տվել այդ կապակցությամբ եւ հանելուկային լռություն է պահպանում: Կոալիցիոն նոր հուշագրի տեքստում, մասնավորապես, համաձայնեցվում են համագործակցության պայմանները 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:





























