ՀՅԴաշնակցությունը  մտադիր է փետրվարի 18-ին ներկայացնել Հայաստանում արդար ընտրությունների անցկացմանն աջակցելու նոր հանրային շարժում: Այդ մասին Ազգային Ժողովում  կայացած ճեպազրույցում հայտնել են Դաշնակցության պատգամավորները:

Անդրադառնալով վերջին ներկոալիցիոն տարաձայնություններին, դաշնակցականները, մասնավորապես, հայտարարել են, թե ՀՅԴ-ն անտարբեր է այդ գործընթացների նկատմամբ: Նրանք նաեւ հերքել են շրջանառվող լուրերը, թե կուսակցությունը կարող է վերադառնալ իշխանական ճամբար:

«ՀՅԴ-ի եւ ներկայիս իշխանությունների միջեւ որեւէ համագործակցություն լինել չի կարող»,- հայտարարել է խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Նա միաժամանակ իշխանության դաշտում ընթացող գործընթացները բնական է համարում, քանի որ արդեն սկսվել է նախընտրական պայքարը եւ կառավարող ուժերը ցանկանում են պահպանել իրենց դիրքերը:

Նշենք, որ ավելի վաղ Արտյուշա Շահբազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր,թ ե ՀՅԴ-ն իր առանձին թեկնածուով է մասնակցելու նախագահական ընտրություններին: