Հայաստանի կառավարության սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայկական բիզնեսի մի մասը «դուրս է գալիս» արտասահման։ Փետրվարի 11-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, կառավարության անարդյունավետ քաղաքականության հետեւանքով հանրապետությունում սոցիալական խիստ անորոշ իրավիճակ է ստեղծվել։ «Կառավարության ոչ մի կանխատեսում առ այսօր չի իրականացել, դա վերաբերում է նաեւ գնաճի մակարդակին։ Վստահ եմ, որ գնաճի բարձրացումը կգերազանցի կառավարության կանխատեսումները»,- հայտարարեց Մինասյանը։

Անդրադառնալով արաբական աշխարհի իրադարձությունների՝ Հայաստանում կրկնվելու հավանականության թեմային, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարեց. «Ինձ դուր չի գալիս հայ հասարակության կողմից հանրապետությունում «օտար» հեղափոխություններ անցկացնելու միտումը։ ՀՅԴ-ն կողմ է «հայկական ազգային հեղափոխությանը»։

Նշենք, որ համաձայն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ որոշ հայ գործարարներ, այդ թվում՝ «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը եւ պատգամավոր-ձեռնարկատեր Վարդան Այվազյանը մտադիր են իրենց բիզնեսի մի մասը «տեղափոխել» Վրաստան։ Սակայն նրանք հերքում են այս լուրերը։