Անցած տարվա գարնանը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել Սարագյուղ համայնքի բաժանորդների նկատմամբ, իսկ այժմ արդեն Թավշուտի ջուրօգտագործողներն են դատարան ներկայանալու ծանուցագիր ստացել: Բանն այն է, որ գյուղացիներից պահանջում են անցած տարիների պարտքերը, իսկ բաժանորդները հրաժարվում են:
Թավշուտի գյուղապետ Սուրեն Սարգսյանը փոխանցեց, թե ջուրը, որ օգտագործել են տարիներ շարունակ, չի քլորացվել ու չի համապատասխանում խմելու ջրի համար պահանջվող չափանիշներին: Բացի այդ, ըստ նրա, «Հայջրմուղկոյուղին» երբեւէ գյուղում աշխատանք չի տարել, չի կատարել պայմանագրային պարտավորությունները :
Գյուղապետի ներկայացմամբ, իր համագյուղացիները վճարել չեն պատրաստվում չմատուցված ծառայությունների դիմաց, գյուղում ոչ բոլորն են ծորակից ջուր խմում, իսկ հորերը, որ դույլերով ջուր են հանում, իրենք են փորել: Սուրեն Սարգսյանը նշել է, որ իրենք իրականացրել են ստորագրահավաք ու դիմում են ներկայացրել Շիրակի մարզի Հակահամաճարակային տեսչություն, խնդրելով պարզել, թե ի՞նչ որակի ջուր են խմում թավշուտցիները: Հակահամաճարակային տեսչությունն այժմ ջրի որակի ուսումնասիրություն է կատարում:





























