2011թ-ի ընթացքում արտահերթ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի շուրջ 2 տասնյակ գյուղական համայնքներում ` ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամների:  Համայնքի ղեկավարի այս ընտրություններն արտահերթ են,  որովհետեւ 2007 թ-ին մի շարք համայնքի ղեկավարներն հրաժարական են տվել, ընտրվել են նորերը եւ սահմանված կարգի համաձայն 4 տարի անց կազմակերպվելու են համայնքի ղեկավարի նոր ընտրություններ:

«Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, որոշ համայնքներում նոր ավագանու կազմ է ընտրվում, որովհետեւ ավագանու անդամներից շատերը բացակայում են գյուղերից. գնացել են արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել»,- մեկնաբանել է 33 ընտրատարածքի ղեկավար Մարզպետունի Մարգարյանը:

Այս ընտրությունները շատ կարեւոր են, եթե նկատի ունենանք, որ 2012 թ-ը ամբողջ հանրապետության համար ընտրական տարի է, ընտրվում է նոր Ազգային ժողով, ուստի շատ կարեւոր է գյուղապետերի թեկնածուների եվ ապա ընտրված գյուղապետերի կուսակցական պատկանելության հարցերը:

Առաջիկայում  ՏԻՄ ընտրություններ սպասվում են փետրվարի 20-ին` Կարմրաքարում եւ Կրասարում: Առաջինում թեկնածուն միակն է, իսկ Կրասարում 2 թեկնածուներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ հանրապետական: