Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել 196 գործող եւ նախկին զինվորականներից 163-ին, ովքեր մեղադրվում են 2003թ. Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով կազմակերպված հեղաշրջման փորձի մեջ:
Նրանց թվում են Թուրքիայի ռազմական ծովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը, ռազմական օդուժի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընան, գեներալ Չեթին Դողանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործի հետաքննությունը, որը ստացել է «Մուրճ» անվանումը, Ստամբուլի դատախազության կողմից սկսվել էր իրականացվել 2010թ. հունվարից հետո, երբ Taraf թերթը սկանդալային նյութեր էր հրապարակել:
Ըստ այդ փաստաթղթերի` թուրքական բանակը ծրագրել էր պայթյուններ իրականացնել Ստամբուլում եւ արտակարգ դրություն մտցնել: Սկզբնապես գործի շրջանակներում ձերբակալվել էին 49 զինվորականներ, այդ թվում գեներալներ, սակայն նրանց ազատ էին արձակել:





























