Ալժիրի իշխանությունները մայրաքաղաք են բերում ոստիկանական զգալի ուժեր` կանխելու փետրվարի 12-ին նախանշված ընդդիմության բողոքի երթը: Քաղաք են ուղարկվել լրացուցիչ 10 հազար ոստիկաններ:

Ալժիր քաղաքի կենտրոնում, որտեղ կայանալու է ակցիան, պարեկություն են անում հազարավոր ոստիկաններ` պաշտպանական սպառազինությամբ, գրում է Lenta.ru-ն:

Իշխանությունները փորձում են շրջափակել մայրաքաղաքը, որպեսզի թույլ չտան շրջաններում բնակվողներին միանալ երթին. դադարեցվել է գնացքների եւ հանրային տրանսպորտի աշխատանքը: Հաղորդվում է, որ տեղական իշխանությունները սննդամթերք են գնում` վախենալով արտակարգ դրության հայտարարումից:

Տարվա սկզբից 4 ալժիրցիներ մահացել էին` ի նշան բողոքի ինքնահրկիզվելով: Փետրվարի 3-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել է, թե շուտով քաղաքական բարեփոխումներ է սկսելու: