ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրը կես ժամով հետաձգվել է դեպի Դենվեր չվերթը։ Պատճառը Boeing-737 օդանավում հայտնված առնետն է եղել, հայտնել է Alaska Airlines ավիաընկերությունը։

Կրծողին նկատել են այն պահին, երբ օդանավը հեռանում էր տերմինալի մուտքից։ Օդանավի հրամանատարը, դիսպետչերներին զեկուցելով կատարվածի մասին, հետ է դարձել։ Ուղեւորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ։

Ինչպես հայտնել է Alaska Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչ Բոբբի Իգանը, Boeing-737-ը չի շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա ստուգումները չեն ավարտվել։ Ստուգումների նպատակը պարզելն է՝ արդյոք կրծողը չի վնասել սարքերի լարերը։ Կիրականացվեն նաեւ դերատիզացիոն աշխատանքներ։