Հրանտ Վարդանյանը հայրենասեր է, լավ աշխատում է, նորմալ հարաբերությունների մեջ ենք նրա հետ։ Այսօր` փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով «Գրանդ Հոլդինգի» սեփականատիրոջ Վրաստան հնարավոր տեղափոխման լուրերին։
Նշենք, որ մամուլում տեղի ունեցած հրապարակումների համաձայն՝ Հ. Վարդանյանը ցանկանում է իր բազմաճյուղ բիզնեսի մի մասը տեղափոխել դեպի Վրաստան։ Ինքը՝ օլիգարխը այդ լուրերը մինչ այսօր չի հերքել։
«Տարբեր հարցերով նորմալ համագործակցում ենք, քննարկում ենք տարբեր հարցեր, բայց դրանք աշխատանքային հարաբերություններ են, ոչ մի էական խնդիր չկա Հրանտ Վարդանյանի հետ»,- ասաց Տ. Դավթյանը։
Նախարարն ընդհանրապես «չափազանց չափազանցված» համարեց դեպի Վրաստան հայկական կապիտալի փախուստի մասին լուրերը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանից ընդհանրապես չնչին չափերի կապիտալի արտահոսք կա։ «Չեմ բացառում, որ կան ընկերություններ, որ ներդրումներ են կատարում այլ երկրներում՝ Իրանում կամ Վրաստանում։ Երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղ է դառնում, նոր շուկաներ է փնտրում»,- ասաց Տ. Դավթյանը։ Նա օրինակ բերեց Հոլանդիային եւ Բելգիային, որոնցում շատ ակտիվ կապիտալի արտահոսք է տեղի ունենում։




























