Վերջին ժամանակներս հետընտրական գործընթացները Հայաստանում դժվար են անցնում, իսկ երբեմն դուրս են գալիս թույլատրելիի սահմաններից։ Այս մասին ԲՀԿ 5-րդ համագումարին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծեց, որ ԲՀԿ կողմ է հանդուրժողականությանը եւ առողջ քաղաքական մրցակցությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը։ «Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները միջազգային չափանիշերին համապատասխան ընտրությունների անցկացման քաղաքական կամք ունեն»,- հայտարարեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստանը» վստահ է իր ուժերի վրա եւ հավատում է, որ հաջողություն կունենա, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
ԲՀԿ-ն, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ մտնում է կոալիցիայի կազմի մեջ։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանը» հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին կայացած կուսակցության համագումարին։ Կուսակցության հիմնադիրը եւ առաջնորդը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է։
Կուսակցության երկրորդ եւ երրորդ համագումարները տեղի են ունեցել 2006 թվականի մայիսի 13-ին եւ 2007 թվականի փետրվարի 15-ին։ Կուսակցության չորրորդ համագումարը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 12-ին։





























