Կառավարության և նախարարների նման հաճախակի փոփոխությունը կհանգեցնի միայն խառնաշփոթի։ «Հայոց աշխարհի» հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում, և դեռ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էլ նորկառավարություն է ձեւավորվելու:
«Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։ Ամենից կարեւորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետեւողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որեւէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը՝ 3 տարի։
Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, եւ ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել եւ ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է:
Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում:
Մենք նաեւ այլ խնդիրներ կունենանք, որովհետեւ ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաեւ անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձեւակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել»,– ասել է Քոչարյանը:



























