Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացրեց երկրում ներդրվող վարորդների գնահատման բալային համակարգը:

Քոչարյանն արձանագրեց, որ 2012 թվականից, այսինքն՝ երկրում հսկման տեխնիկական սարքերի ներդրումից հետո սա կլինի ամենալուրջ նորամուծությունը: Փոխոստիկանապետը համաձայնվեց այն կարծիքին, որ նախկինում մոտեցումն ավելի շուտ հանգել է բնակչությունից առավելագույն տուգանքներ կորզելուն, ավելի քիչ են մտահոգվել վարորդների դաստիարակության մասին: Ներկայացնելով միավորային համակարգի բուն նախաձեռնությունը՝ Քոչարյանը նշեց, թե քանի որ քրեական հանցագործությունների համար տուգանքը սահմանված է 30 հազար դրամից ոչ ավելի, անարդարացի կլիներ վարչական իրավախախտումների համար բարձր շեմը պահպանել 30 հազարից ավելի: Առավել եւս, որ որոշ խոշոր տուգանքներ կարելի է ընդհանրապես դիտարկել որպես քրեական պատիժ: Այսպիսով, նման 100 խախտումից 28-ի համար նախատեսվում է տուգանքների չափը նվազեցնել: Դրանցից 8-ի համար ոչ ավելի, քան 50 տոկոսով, 11-ի համար՝ 50 տոկոսով, 9-ի համար՝ 50 տոկոսից քիչ:

Փոխոստիկանապետն անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների անմխիթարական վիճակագրությանը, որը վկայում է պատահարների անշեղ աճի մասին: 2001 թվականին հանրապետության ճանապարհներին զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 1258-ը, 2002-ին զոհվել է 235, վիրավորվել 1213 մարդ: 2016-ին՝ համապատասխանաբար 267 եւ 4451, 2017-ին՝ 279 եւ 5179: Քոչարյանն արձանագրեց սակայն, որ տեսահսկման խցիկների ներդրումից հետո զոհվողների թվի եւ ներկրվող մեքենաների թվի միջեւ դիտվում է հակադարձ հարաբերակցություն: Այսինքն՝ տեխմիջոցներով վերահսկողությունը եղել եւ մնում է ծանր պատահարների կրճատման կարեւոր գրավականը, շեշտեց Հովհաննես Քոչարյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ վիրավորների մեծ թիվը նաեւ պայմանավորված է ապահովագրական համակարգի ներդրմամբ:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ միավորային համակարգը արդեն գործում է 21 եվրոպական երկրներում: Այն դրական արդյունքներ է ունեցել Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Իսրայելում ու Ուկրաինայում:

Միավորային համակարգի հայկական տարբերակի համաձայն՝ վարորդին 9 միավոր է տրվում (տարվա համար կամ վարորդական իրավունքը ստանալու պահից): Խախտում կատարելու դեպքում միավորները հանվում են: Հաճախակի խախտումներ կհամարվեն տարեկան 3 եւ ավելի խախտումները, որոնց միավորների հանրագումարը կազմում է 9 միավոր: Սա հանգեցնում է վարորդական իրավունքի կասեցման: «Խոսքն այս դեպքում իրավունքից զրկելու մասին չէ: Կես տարի հետո իրավունքը ավտոմատ վերականգնվում է: Այսինքն՝ վարորդին ուղղվելու հնարավորություն են տալիս: Սակայն վարորդը կարող է այդ ժամկետը կրճատել՝ հանձնելով տեսության քննություն: Բայց եթե խախտումները շարունակվեն հաջորդ տարի էլ, եւ հանրագումարային միավորները սպառվեն, վարորդը մեկ տարով իրավունքից կզրկվի»,- հայտնեց Քոչարյանը:

Վերը նշված 100 խախտումներից նախատեսվում է միավորներ հաստատել 16 առավել տարածված խախտումների համար: Առաջարկ կա դրանք հաստատել նաեւ կայանման խախտման համար՝ որպես խցանումների կանխարգելման միջոց: Դրանից բացի, ոստիկանությունն առաջարկում է հրաժարվել 500 հազար դրամից ավելի տուգանքները չմուծելու համար իրավունքից զրկելու պրակտիկայից: «Պրակտիկան ցույց է տալիս, որ նյութական տուգանքը ճանապարհային պատահարների եւ զոհերի թիվը չի նվազեցնում: Սոցիալապես ապահովվածների համար տուգանքները նշանակություն չունեն, անապահովների համար՝ նույնպես, նրանք դրանք ուղղակի չեն վճարում: Լավ է, որ մեզ լսեցին եւ համաներում հայտարարեցին՝ «անհուսալի» տուգանքներից հրաժարվելու համար: Սակայն եթե ոլորտում քաղաքականությունը չփոխվի, իրավիճակն անվերջանալիորեն կկրկնվի: Տուգանքների նվազեցումը կարող է բերել պատահարների թվի մեծացման, սակայն միավորային համակարգի ներդրումը թույլ կտա հաշվեկշիռը պահպանել»,- շեշտեց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով՝ միաժամանակ առաջարկվում է ընդլայնել քրեականացվող խախտումների շրջանակը: 2015-ին խախտումների որոշ տեսակներ՝ իրավունքից զրկված անձանց կողմից վարում, նույն անձանց կողմից հարբած վիճակում մեքենայի վարում, բուժստուգում անցնելուց հրաժարվելը, քրեականացվել են: Հիմա առաջարկվում է համանման խախտումների թվին դասել առանց իրավունքի վարելը (կասեցված), առանց իրավունքի հարբած վիճակում վարելը:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ 2017-ին տեսահսկման սարքերը պարզել են հետեւյալ հետաքրքիր վիճակագրությունը: Վարորդների մոտ 74,6 տոկոսը (այսինքն՝ նույն տրանսպորտային միջոցները) ամեն տարի կատարում են մինչեւ 5 խախտում: 24,8 տոկոսը՝ 6-10 եւ նույնիսկ մինչեւ 50 խախտում: Իսկ ահա 0,6 տոկոսը իրեն թույլ է տալիս հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր խախտումներ: «Օրենսդրական կարգավորման թիրախում է հենց այս 0,6 տոկոսը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ գրեթե 80 տոկոսը կարգապահ վարորդներ են»,- հայտարարեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ խոսքը տեսահսկման սարքերի հայտնաբերած տվյալների մասին է: Խցիկներից դուրս պատկերն այնքան էլ հստակ չէ:

Խոսելով ճանապարհների վիճակի մասին՝ նա նշեց, թե անվիճելի է, որ դրանց ազդեցությունը պատահարների վրա առկա է: «Սակայն ճանապարհային պատահարների հիմնական պատճառը արագության գերազանցումն է եւ հարբած վիճակում վարելը: Հայաստանի ճանապարհներին միջինը զոհվում է 300 մարդ: Դա սարսափելի է: Իրավիճակը փոխելու այլ գործուն միջոցներ չենք տեսնում»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ նախագիծն ավարտված չէ, քաղաքացիները կարող են իրենց առաջարկները ներկայացնել: