Մի կողմից կա իրավագիտակցության բարձարցում, մյուս կողմից էլ կա հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կար մի շրջան, երբ լարված հարաբերություններ էին գործարարների հետ եւ հիմա արդեն համագործակցության ռեժիմի է անցում կատարվում, Անանյանը նկատեց. «Վարչապետը այդ միտքը արտասանելիս, կարծում եմ, ինքն իր հիմքերն է ունեցել, եթե գործարարների հետ է եղել այդ լարվածությունը։ Լարվածությունը կարող է լինել այն գործարարների հետ, որոնք այս կամ այն քրեական գործի շրջանակներում հրավիրվել են որոշակի բացատրությունների համար կամ իրենց վարքագիծը քրեաիրավական գնահատականի առումով անբարենպաստ է եղել»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ երկխոսության փուլը կարող  է սկսվել միայն այն ժամանակ, երբ որ կա երկկողմանի պատկերացում միեւնույն  արժեհամակարգերի առումով. «Մենք կարծում ենք, որ այսօր կա այդպիսի պատկերացում ձեւավորելու հստակ նախադրյալներ»։

Ենթաակցիզային ապրանքների շրջանակի լայնացման մասին Անանյանն ասաց, որ շաքարի որոշակի պարունակությամբ զովացուցիչ ապրանքներն են ներառվելու. «Դա միջազգային պրակտիկայում ընդունված հարկատեսակ է։ Շաքարի վնասակար քանակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները միջազգային պրակտիկայում դարձել են ենթաակցիզային ապրանքներ եւ մենք ինքներս ենք այսպիսի առաջարկով հանդես եկել»։

Նրա խոսքով՝ քաղաքական տրանսֆորմացիաների փուլ եթե չունենայինք, մենք ԱԺ–ում ներկայացրած կլինեինք այն կոնսենսուսային տարբերակը, որ կա կառավարությունում։

Հարցին՝ ի՞նչի հաշվին են 150 մլրդով  ավելանում են հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ տնտեսական զարգացման եւ վարչարարության։ «Մենք մեր վարչարարությունը պետք է ավելի հասցեական եւ ավելի արդյունավետ դարձնենք, տնտեսություն էլ պետք է նպաստենք որ զարգանա»

Հարկային մարմինները, Անանյանի խոսքով, ոչ մեկին չեն նեղելու, արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու են կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ։ «Ավելի լավ է մենք հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից միջինից բարձրների վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, որովհետեւ մեկ կազմակերպության նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը կարող է հարյուր փոքրերի նկատմամբ համադրելիություն լինի, հետեւաբար մենք փոքրիկներին համ օրենքի տեսանկյունից դարձնելու ենք անխոցելի, վարչարարություն չենք իրականացնելու, իրականացնելու ենք միջինից բարձրների մոտ հասցեական վարչարարություն կոնկրետ վարքագիծը ուսումնասիրելուց հետո»։