Մոսկվան շահագրգռված է Միջին եւ փոքր հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման հարցով, ցավում է պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալու որոշման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ցավով ընդունեցինք Միջին եւ փոքր հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի որոշումը, իրավիճակը քննարկելու պատրաստակամություն հայտնեցինք:
Սակայն, ինչպես հասկանում ենք, ԱՄՆ-ի որոշումը վերջնական է, այն շուտով պաշտոնապես կհայտարարվի, վեցամսյա հաշվարկ կսկսվի, որից հետո այդ պայմանագիրը դադարեցնելու մասին որոշումը կդառնա իրականություն», - ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ նախագահը բազմիցս հայտնել է ՄՓՀՀՊ-ի պահպանման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին:
Նրա խոսքով, Մոսկվան պատրաստ է 2021 թվականից հետո քննարկել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է գոյություն ունեցող պայմանագրով կարգավորել առկա խնդիրները:
«Մեկ անգամ չէ, որ ասել ենք եւ նախագահ Պուտինը հիշեցրել է, այդ թվում հրապարակավ, եւ ԱՄՆ նախագահի հետ շփումներում, որ որ մենք պատրաստ ենք քննարկել ՌՀՍ պայմանագիրը 2021 թվականին տասը տարին լրանալուց հետո այն հինգ տարով երկարաձգելու հնարավորոթյունը», - ասել է Լավրովը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այս հնարավորությունը իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել այս համաձայնագրի իրականացման հետ կապված առկա խնդիրները:
«Եվ, իհարկե, եթե խոսենք հակահրթիռային պաշտպանության մասին, Եվրոպայում եւ այժմ Ասիայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման հետ կապված խնդիրները, դրանք անմիջականորեն ազդում են ռազմավարական կայունության վրա եւ չեն կարող դուրս մնալ ազնիվ պրոֆեսիոնալ քննարկումներից», - ավելացրել է նախարարը:




























