Ես համաձայն եմ վարչապետի ասածի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարները ներդրումները պայմանավորում են ընտրություններով:

Հարցին, թե ընտրություններից հետո ներդրումների բում կլինի՞ եւ որքան ակնկալիք ունի կառավարությունը, Խաչատրյանը պատասխանեց. «Կլինի անպայման որոշումների ազդեցությամբ: 2019 թվականին համախառն կուտակումը պետք է աճի 6 տոկոսով, որը կառավարությունը խրախուսելու է եւ պետական ենթակառուցվածքային ֆինանսավորմամբ, եւ մասնավոր ներդրումներով։ Դա նշանակում է, որ մոտավորապես հանրագումարով կհասնի 19 տոկոսի, համախառն ներքին արդյունքի 19 տոկոսի չափով կկազմեն մասնավոր ու պետական ներդրումները միասին»:

Նա ընդգծեց, որ ներդրողների հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել. «Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում եղել են մի շարք չինական ընկերություններ։ Կան աշխատանքային քննարկումներ, դրանցից յուրաքանչյուրն էլ 500 մլն դոլար եւ ավելի հնարավորության մասին»:

Դիտարկմանը, որ մեծ ներդրողների նկատմամբ կան քրեական գործեր, որոնց մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ 200 մլն դոլարի քրեական գործեր կան, դրանք չեն խանգարի՞ նոր ներդրումներին, Տիգրան Խաչատրյանն արձագանքեց. «Հարցը երկու մասի է բաժանվում. ովքեր խնդիրներ ունեն օրենքի հետ, իրենք պետք է պարզաբանումներ տան։ Դրանք գործընթացներ են, որոնց ընթացքում կպարզաբանվի ովքեր են մեղավոր եւ ովքեր են անմեղ։ Բոլոր ներդրումային որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կանխատեսելիություն կա։ Ես կարծում եմ, որ ձեր նշած դեպքերում որեւէ անորոշություն չկա, կա խնդիր օրենքի հետ։ Իսկ նոր ներդրումները, ես կարծում եմ, որ որեւէ կերպ չեն ազդվում նման գործընթացներով, այլ նոր ներդրողները եւ ներդրումները պետք է հաշվի առնեն այն փաստը որ այուհետ օրենքի հետ որեւէ խնդիր չպետք է առաջացնեն։ Այսինքն պետք է կատարեն օրենքի պահանջները, եւ հարկային, եւ ոչ հարկային։ Եւ այդ տեսանկյունից, կարծում եմ, որ մտահոգության տեղիք չպետք է լինի»: