Որեւէ շուկայում չի եղել տնտեսվարող,  որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսավարող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, Հայաստանում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ, սակայն այդպիսիք կան ամբողջ աշխարհում:

«Որեւէ երկրի մրցկացային օրենսդրություն չի արգելում գերիշխող դիրք ունենալը: Շատ դեպքերում գերիշխող դիրք ունենալը կարող է պայմանավորված լինել օբյետիվ պատճառներով՝ տնտեսվարողի լավ աշխատանքով, ճիշտ կառավարմամբ, ռեսուսրների արդյունավետ օգտագործմամբ եւ այլն: Ավելի կարեւոր հարց է, թե արդյոք կա՞ն շուկա մուտքի խոչնդոտներ: Մեր կառույցի նպատակը ոչ թե խոշոր ընկերություններին ամեն գնով փակել կամ կրճատելն է, այլ ապահովել, որ ապրանքային շուկաներում չլինեն մուտքի խոչընդոտներ, որ ցանկացած տնտեսվարող հեշտությամբ մուտք գործի շուկա կամ դուրս գալ այնտեղից», -  ընդգծեց Շաբոյանը:

Նա անդրադարձավ նաեւ շաքարավազի շուկային՝ նշելով, որ այստեղ եւս չկան մուտքի խոչնդոտներ եւ այս պահին շաքարավազի շուկայում շուրջ 100 տնտեսվարող կա. «Բոլորն էլ իրականացնում են ներկրումներ, այդ թվում նաեւ նախկին արտադրող ընկերությունը՝ «Ալեքս Հոլդինգ»-ը: Շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսեցին նկատվել 2015-2016 թվականներից, ԵՏՄ-ին միանալուց հետո: Շուկայում հայտնվեցին ընկերություններ, որոնք սկսեցին ներկրումներ իրականացնել ՌԴ-ից: Մինչեւ նախորդ տարի 40 ներկրող կար, բայց դրանք փոքր ներկրողներ էին:

Վերջին 4-5 ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծողների քանակն ու խմբաքանակը շատացել է: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը մշտապես եղել է շուկայում եւ զբաղեցրել շուկայի 98 տոկոսը, այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս», - ընդգծեց Շաբոյանը: