«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմիի երգի ընտրությունը հետաձգվել է երգչուհու մենահամերգներ ունենալու եւ «Եվրատեսիլ-2011»-ում հայկական պատվիրակության զբաղվածության պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով, երգի ընտրությունը Հանրայինի ուղիղ եթերում տեղի կունենա փետրվարի 26-ին, նախօրոք հայտարարված փետրվարի 19-ի փոխարեն:
«Մեր զբաղվածությունը շատ էր, Էմմին էլ մենահամերգներ ուներ։ Բացի այդ, Հայաստանում էր մանկական «Եվրատեսիլի» ղեկավարը, նրանով էինք զբաղված»,- ասաց Գոհար Գասպարյանը։
Հարցին, թե փոփոխվե՞լ են արդյոք երգի ընտրության պայմանները, հայկական պատվիրակության ղեկավարը նշեց. «Բոլոր պայմանները նույնն են մնացել։ Մեր կողմից հայտարարված 4 լավագույն երգերից ուղիղ եթերում՝ «Հայլուր» լրատվականից հետո, կընտրվի մեկը՝ հեռուստադիտող-ժյուրի 50-50 հարաբերակցությամբ»:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը առաջին կիսաեզրափակչում հանդես է գալու Միհրանի հետ ` մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:
Էմմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը:
Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:




























