Մեքսիկայի մայրաքաղաքում տեղակայված ժամանակավոր ճամբարում Կենտրոնական Ամերիկայից «միգրանտների քարավանի» 4000 մասնակիցների առնվազն 95 տոկոսը լքել է այն եւ ուղեւորվել դեպի ԱՄՆ-ի սահման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Universal թերթին:
Այս մասին շաբաթ հայտարարել է Մեխիկոյի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաշիելի Ռամիրեսը: Նրա խոսքով, ճամբարում մնացել է մոտ 170 մարդ, որոնց կեսից քիչը որոշել է վերադառնալ հայրենիք:
«Մեզ մոտ 40 տղամարդ, 20 կին եւ 10 երեխա կա, նրանք Միգրացիայի միջազգային կազմակերպության վրանի մոտ հերթ են կանգնած ինքնակամ ռեպատրիացիայի գործընթացը սկսելու համար,- ասել է Ռամիրեսը, - այս շաբաթվա ընթացքում մենք 100 հայց ենք ստացել նրանցից, ովքեր ցանկանում են մնալ Մեքսիկայում եւ այդ մարդիկ այստեղ են՝ սպասելով իրենց թղթերի մասին տեղեկությունների»:
Միգրանտների համար ժամանակավոր ճամբարը տեղակայված է Խեսուս Մարտինեսի անվան մարզադաշտում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հրահանգել էր Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ավելացնել մինչեւ 15 հազար զինվորով՝ «միգրանտների քարավանը» կանգնեցնելու համար: Ուրբաթ՝ նոյեմբերի 9-ին, Սպիտակ տան ղեկավարը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն ապօրինի միգրանտներին ապաստանի տրամադրումը մերժվում է:



























