ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը առաջիկա օրերին հանդիպելու է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկելու բացօթյա առեւտուրն արգելելու դեմ բողոքող առեւտրականներին հուզող խնդիրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը, ով մասնակցել է Կառավարության շենքի դիմաց առեւտրականների կողմից կազմակերպված ակցիային:
«Խնդիրն այն չէ, որ մենք դեմ ենք բարձր մակարդակի առեւտրի կազմակերպմանը: Մենք առաջարկում ենք, որ լուծվի խնդիրը շահավետ պայմաններով` առեւտրի կետերը տեղակայվեն քաղաքացիներին հնարավորինս մոտ եւ հարմար վայրերում, ինչպես նաեւ առեւտուր իրականացնողների համար նորմալ պայմաններ ապահովվեն»,-նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները բացօթյա առեւտրի արգելքի հետ կապված հարցը բարձրացրել են ԱԺ հայտարարությունների ժամին, սակայն առայժմ արձագանք չի եղել: Ուստի, ըստ Ալավերդյանի, խնդրի լուծման բանալին գուցե պետք է փնտրել քաղաքապետարանում: «Ես ինքս խնդիր ունեմ դեմ առ դեմ հանդիպել քաղաքապետի հետ, քանի որ մի քանի կուտակված հարցեր ունեմ դեռեւս նախկին քաղաքապետ Բեգլարյանի ժամանակվանից, որոնց կավելացնեմ նաեւ բացօթյա առեւտրի արգելման հետ կապված հարցը»,-հավաստիացրեց պատգամավորը:
Նկատենք, որ Կառավարությունը փետրվարի 15-ին եւս չի արձագանքել բողոքի ակցիայի մասնակիցներին: Նրանք տեւական ժամանակ վանկարկել են «Պատասխան», սակայն, չստանալով որեւէ արձագանք կառավարության աշխատակիցների կողմից, շարժվել են դեպի Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակ` բողոքն այնտեղ շարունակելու:




























