Կուրիլյան կղզիների շուրջ լարվածություն նախաձեռնելով, Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւը փորձում է երկրի շահերով մտահոգ լիդերի իմիջ ստեղծել: Այս մասին, ըստ «Գրուզիա Online»-ի, ասել է Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուրադ Շեվարդնաձեն:
«Նա ճապոնացիների հետ ոչ մի անելիք չունի, պարզապես փորձում է ստեղծել Ռուսաստանի շահերի պաշտպանի իմիջ»,-նշել է նա` հիշեցնելով, որ 1855 թ-ից Կուրիլները պատկանել են Ճապոնիային, Երկրորդ համաշխարհայինից հետո անցել են ԽՍՀՄ-ին, այնուհետեւ` Ռուսաստանին` որպես ժառանգորդ:
«Իմ` ԽՍՀՄ արտգործնախարար եղած ժամանակ մենք մշակել էինք միջազգայնորեն հայտնի գիտնականների մասնակցությամբ համաժողովի անցկացման ծրագիր`այդ կղզիների պատկանելության հարցը քննարկելու համար: Բայց այդ ժամանակ կողմերից ոչ մեկը չհամաձայնեց դրան: Հիմա Ճապոնիան հրաժարվել է այդ գաղափարից, որն ասվել է ՌԴ արգտործնախարար Ս. Լավրովի կողմից «,-նշել է նա:
Շեվարդնաձեն ասել է, որ վախենում է Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ կղզիների պատճառով հնարավոր ռազմական հակամարտությունից: «Դա կլինի ողբերգություն, եւ այսօր դժվար է ասել, ինչպես կզարգանան իրադարձություններն այս հարցի շուրջ»,-ընդգծել է նա:




























