Չեք կարծում, որ պետք է մեխանիզմ ստեղծել, որ այն չինովնիկների պատճառով, որոնց վատ կամ անարդյունավետ գործունեության հետեւանքով ներդրումային ծրագրեր են ձախողվել, իրենց գույքով եւ անձնական միջոցներով փոխհատուցեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Ենթադրում եմ, որ գործող իրավակարգավորումների համակարգը պետք է վերանայել, բայց ինձ հայտնի չի մեխանիզմ վերանայելու այդ կարգավորումները, եթե այդ գործողությունների տակ չկա չարամտություն»:

Միքայել մելքումյան էլ նկատեց. «Դուք մնացիք պետական պաշտոնյայի հավասարակշռության տիրույթում, դա նորմալ է»: Նա նաեւ ընդգծեց, որ քաղաքական հեղափոխությունից հետո սպասումները շատ մեծ են լինում եւ պետք է այնպես անել, որ սպասումները եւ կառավարության գործունեությունը համարժեք լինեն: