«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մի հոդված է գրել, որտեղ նշել է, թե «Սերժ Սարգսյանը գուցե եւ լավ տղամարդ է», «Աբդուլա Գյուլը նույնպես վատ անձնավորություն չէ», «Իլհամ Ալիեւն այնքան էլ լավը չէ» եւ այլն: «ՉԻ»-ն այս առթիվ գրում է.  «Մենք հասկանում ենք, որ հոդվածը գրվել է սուրբ Վալենտինի օրը, հասկանում ենք նաեւ, որ այդ օրը կարելի է տարածաշրջանի պետությունների ղեկավարներին գնահատել հենց այդ չափանիշնորեվ` նրանք «լավի՞կն են», թե ոչ, բայց մի բան այնուամենայնիվ անհասկանալի է. ինչո՞ւ է  նա բոլորին անվանում նախագահ, իսկ Միխեիլ Սահակաշվիլուն` «Վրաստանի մարդ»:

Հաշվի առնելով օրվա խորհուրդը` երեւի «ամուսին» նկատի ունի: Ամեն դեպքում` մի բան լավ է. պրն Հովհաննիսյանն Իլհամ Ալիեւին կոչ է արել մեզ վերադարձնել Շահումյանն ու Նախիջեւանը: Սա իսկապես հանճարեղ դիվանագիտական քայլ է, եւ զարմանալի է, որ առ այսօր որեւէ քաղաքական գործչի մտքով չէր անցել նման կոչով դիմել Ալիեւին: Բայց հիմա արդեն խնդիրը լուծված է: Կարելի է չկասկածել` պրն Հովհաննիսյանի հոդվածը կարդալուն պես Ալիեւն իր աշխատակազմին հրահանգելու է երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել Նախիջեւանն ու Շահումյանը:

Ափսոս` «Ժառանգության» ղեկավարն ավելի վաղ չէր հանդես եկել նման կոչով: Ահագին ժամանակ ենք կորցրել»: