Քաղաքական դաշտում հայտնվել են ուժեր, որոնք փորձում են հանդես գալ որպես ՀԱԿ-ին ընդդիմություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` պատասխանելով «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարությանը, թե ընտրություններից առաջ հիմնական կոնֆլիկտը լինելու է ոչ թե իշխանություն-ընդդիմություն ճակատում, այլ ընդդիմության ներսում:  

«Մենք պայքարել եւ պայքարելու ենք այս ռեժիմի դեմ` ստեղծելու համար ժողովրդի իշխանություն: Իսկ նրանք, ովքեր կաջակցեն մեզ այդ պայքարում, մենք միայն ու միայն կողջունենք դա»,-արձագանքեց Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունները սպառել են իրենց բոլոր հնարավորությունները` ստեղծելու հերթական նոր, կեղծ ընդդիմությունը:

Ճշտող հարցին, թե «Ժառանգությունը» հանդես է գալիս որպես ՀԱԿ-ի ընդդիմությո՞ւն, Դ. Շահնազարյանը պատասխանեց, թե այդ ուժին համարում է խորհրդարանական ընդդիմություն:

«Ժառանգության» որոշ գործիչների համարում եմ ՀԱԿ-ին ընդդիմություն: Ստյոպա Սաֆարյանին դա չի վերաբերում»,-նշեց Շահնազարյանը:

Նկատենք, որ հենց Ստյոպա Սաֆարյանը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է բարձրացրել ընդդիմության ներսում ընթացող պայքարի մասին:    

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համագործակցությանը Տիգրան Կարապետյանի հետ, ապա Շահնազարյանի խոսքով, վերջինիս  գործունեությունն ընդամենը «հասարակական գործունեություն է, որն իր մեջ քաղաքական տարրեր չի պարունակում»: