Իսլամական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդն իր համախոհներին կոչ է արել պատրաստ լինել Իսրայելի դեմ ռազմական գործողությունների: «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալան «իսլամական դիմադրության մարտիկներին» Իսրայելի հյուսիսային շրջանի` Գալիլեյի զավթման կոչ է արել: Նասրալան այդ տարածքի «ազատագրումը» անհրաժեշտ է համարել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ռազմական հակամարտության սկսման դեպքում: Նման հայտարարությամբ Նասրալան հանդես է եկել «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի տարելիցին նվիրված իր հեռուստաելույթում:
Հիշեցենենք, որ մի քանի օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն էր հայտարարել, թե իսրայելական բանակը կարող է նորից Լիբանանի տարածք մտել: Իսրայելի եւ Լիբանանի միջեւ վերջին ամենախոշոր ռազմական բախումը տեղի է ունեցել 2006թ-ին, որի ժամանակ Լիբանանն ունեցավ 1200, Իսրայելը` 160 մարդկային կորուստ:





























