Բահրեյնի մայրաքաղաք Մանամում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանության միջեւ: Կենտրոնական հրապարկում գիշերելու մնացած ցուցարարների նկատմամբ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել: Առայժմ չի հաղորդվում տուժածների մասին:

Նշենք, որ բողոքի ակցիաները Բահրեյնում սկսվել էին Թունիսի եւ Եգիպտոսի իշխանափոխությունից հետո: Ցուցարարները պահանջում են նոր սահմանադրության ընդունում, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ վարչապետի հրաժարական: Վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվել է երկու ցուցարար:

Բահրեյնի թագավոր Համիդ բեն Իսա ալ Խալիֆը իր ցավակցություոներն է հայտնել զոհվածների հարազատներին եւ խոստացել հետաքննություն իրականացնել` պատճառները բացահայտելու համար: Իշխանությունները փորձել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով` խոստանալով ԶԼՄ-ների ազատություն եւ յուրաքանչյուր ընտանիքի 2 հազ. 700 դոլար, սակայն ընդդիմությունը չի հավատում այդ խոստումներին, թեեւ հայտարարում է, որ իրենք թագավորին գահընկեց անելու նպատակ չունեն:

Ի դեպ, Բահրեյնում է տեղակայված տարածաշրջանում ԱՄՆ ամենախոշոր ռազմաբազան: