«Ժառանգությունն» իրեն երբեք Հայ ազգային կոնգրեսին ընդդիմություն չի համարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` արձագանքելով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանին, ով «Ժառանգության» որոշ գործիչների համարել էր ՀԱԿ-ին ընդդիմություն:
Ստեփան Սաֆարյանն ասաց նաեւ, որ ակնկալում է, թե ՀԱԿ-ը նույնպես «Ժառանգությանը» չի դիտարկի որպես իրեն ընդդիմություն: «Պիտի մտածենք, թե ինչը ճիշտ չենք արել, որ այսպիսի ընկալումների տեղիք ենք տվել միմյանց: Հետեւաբար լուրջ վերանայումների խնդիր ունենք»,-հայտարարեց Սաֆարյանը:
Նրա խոսքով` քանի դեռ ընդդիմությունը միացյալ օրակարգ, համաձայնեցված գործողություններ չունի, քանի դեռ միմյանց առջեւ դրվում են խնդիրներ` միացեք մեզ եւ այլն, ընդդիմադիր ուժերի միջեւ լինելու է մրցակցություն:
«Կոալիցիայի ներսում, ինչպես տեսնում ենք, գզվռտոց է, իսկ ընդդիմության ներսում էլ, ցավոք սրտի, առնվազն մրցակցություն է»,-նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Նա նաեւ արձագանքեց Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը պայքարում է «այս ռեժիմի դեմ` ստեղծելու ժողովրդի իշխանություն, իսկ նրանք, ովքեր կաջակցեն մեզ այդ պայքարում, մենք միայն ու միայն դա կողջունենք»: «Մենք չենք ընդունում այդ բանաձեւը`միացեք մեզ: Մենք բոլոր այն տեղերում ենք, որտեղ հասարակութան խնդիրն է լուծվում, որտեղ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հարցն է լուծվում: Գոնե «Ժառանգությունն» այն քաղաքական ուժերից է, որն առավել շատ է սատարել ընդհանուր գործին. 2003 թվականին սատարել ենք ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, 2007-ի խորհրդարանական ընտրություներում փորձ արեցինք միասին հանդես գալ, 2008-ին սատարեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գուցե պարոն Շահնազարյանը հիմքեր ունի այլ ուժերի նման հարցադրում ուղղելու, բայց այդ հարցադրման հասցեատերը հաստատ «Ժառանգությունը» չէ»,-նկատեց Սաֆարյանը:





























