Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հեշտացրել է իրավաբանական անձանց եւ ձեռնարկատերերի պետական գրանցումը։
Ըստ հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ մինչ այսօր գործում էր իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման բարդ ընթացակարգ, ինչը շատ ժամանակատար է, առաջացնում է լրացուցիչ դժվարություններ; Չեն բացառվում նաեւ կոռուպցիոն ռիսկերը, քանի որ գրանցվելու համար պետք է դիմել մի շարք պետական մարմինների, մասնավորապես՝ արդարադատության նախարարություն, պետական եկամուտների կոմիտե եւ այլն:
Ներդրվելու է «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, որի համաձայն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկություն ունեցող անձը պետք է այցելի միայն մեկ կառույց` արդարադատության նախարարության կազմում գործող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն; Այդ մարմինը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով, ՊԵԿ-ի, էկոնոմիկայի նախարարության, ոստիկանության եւ այլ մարմինների հետ:
Վերացվել է անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն սահմանվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք ընդամենը հաշվառվում են գրանցող մարմնի կողմից:
Ի դեպ՝ արդարադատության նախարարը չկարողացավ հստակ պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե երբ է այս կարգը գործելու։ Նա սկզբից նշեց մարտի 1-ը, հետո կանգ առավ մարտի 7-ի վրա։ Վարչապետն էլ կատակով նշեց, թե այդ դեպքում սա նվեր է կանանց տոնին։





























