Հայաստանի Ազգային Ժողովում քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվի նիստը, որը պետք է քննարկի շրջանառության մեջ դրված կոալիցիոն նոր հուշագրին միանալու հարցը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նիստը դռնփակ է, եւ դրան մասնակցում են Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավորները, նախարարներն ու մարզպետերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանք նշում էին, որ կոալիցիոն նոր հուշագրին միանալու հարցում առայժմ վերջնական որոշում չկա, եւ նիստում կորոշվի ամեն ինչ:

Մինչդեռ նախօրեին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխող կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) փետրվարի 17-ին, օրվա երկրորդ կեսին կստորագրեն համագործակցության նոր հուշագիրը: Նա նաեւ հայտնել էր, որ փետրվարի 16-ի երեկոյան կայացել է ՀՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել է հուշագրի տեքստը: Այն հավանության է արժանացել կուսակցության քաղխորհրդում: