Թուրքիայում հայտնված սկանդալային տեսագրության հետ կապված զինված ուժերի գլխավոր շտաբը հետաքննություն է սկսել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, թե գլխավոր շտաբն ուսումնասիրում է տեսագրությունը եւ հետաքննություն է սկսել։

Նշենք, որ հիշյալ դեպքը բջջային հեռախոսով տեսագրվել է Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաքի Աքչայի 6-րդ մոտոհրաձգային դիվիզիայի Սեսլիջեյի զորամասում, որտեղ  սպան զվարճանում է՝ զինվորներին հավաքելով թիրախի մոտ եւ կրակելով դրա ուղղությամբ։

Տեսագրության մեջ զինվորների կյանքի հետ խաղալով զվարճացող կապիտան Մեթին Գյուրջանը նախ զգուշացնում է զինվորներին՝ ասելով, թե վախեցողները կարող են հեռանալ թիրախի մոտից, սակայն ոչ մի զինվոր չի հեռանում։

Սպան նախ ուղիղ կանգնած է կրակում, այնուհետ կռանում եւ ոտքերի արանքից է սկսում կրակել, որի ընթացքում լսվում են զինվորների ձայները. «Հրամանատար, այդպես մի արա»:

5 փամփուշտ կրակելուց հետո սպան մոտենում է թիրախին, որի վրա ընդամենը լինում է 4 գնդակի հետքը։ «Իսկ ո՞ւր է 5-րդ գնդակը»,-այս հարցը անհանգստացնում է տեսագրությունը դիտողներին։