Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ամեն ինչ անում է, որպեսզի կազմալուծի եւ անվստահություն ներշնչի ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նկատմամբ: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցն ու խմբի անդամ Էդմոն Մարուքյանը:
Նրանք նշեցին, որ երբ փետրվարի 12-ին այցելել են «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանին, նրանց այցից անմիջապես հետո Փաշինյանի խուցը խուզարկել են: «Նրանք մտածել են, որ մենք դատապարտյալին կարող էինք ինչ-որ բան փոխանցել: Սա ճղճիմ, ոչ բարոյական գործելակերպ է, որով փորձում են ստվեր գցել դիտորդական խմբի գործունեության վրա, որի համար որեւէ հիմք ու կասկած չկա»,-նկատեց Սաքունցը: Նա նաեւ հավելեց, որ եթե ՔԿՀ-ի վարչակազմը կասկածում էր դիտորդներին, ապա կարող էր խուզարկել նրանց` նախքան կալանավորի հետ հանդիպելը:
Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ Դիտորդական խումբն իր գործունեության 6 տարիների ընթացքում չի արձանագրել որեւէ դեպք, երբ որեւէ կալանավորի խուցը Խմբի անդամների այցելությունից հետո խուզարկվի: «Մենք տարիների ընթացքում մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի դատապարտյալների վստահությունը նվաճենք եւ նրանցից տեղեկություններ հավաքենք ՔԿՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվ նման գործելաոճն ուղղված է Դիտորդական խմբի նկատմամբ վստահության խաթարմանը, որովհետեւ եթե կալանավորները եթե պետք է մտահոգվեն, որ մեր ամեն մի այցից հետո իրենց խուցը պետք է խուզարկվի, ապա չեն ուզենա մեզ հետ հանդիպել»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա նաեւ Փաշինյանի իրավունքների խախտման մեկ այլ օրինակ բերեց, նշելով, որ դատապարտյալին թույլ չեն տալիս իր փաստաբանի հետ հանդիպման ժամանակ նրան առձեռն որեւէ գրություն հանձնել:
Դիտորդական խմբի անդամները հայտարարեցին, որ Արդարադատության նախարարը պետք է հատուկ ուշադրության արժանացնի այս փաստերի վրա, մասնավորապես` թե ի՞նչ հիմնավորմամբ է խուզարկվել Փաշինյանի խուցը: «Ակնկալում ենք, որ նորանաշանակ նախարարաը համակարգը բարեփոխելու ուղղութամբ կոնկրետ օրինակներ ցույց կտա»,-հայտարարեց Սաքունցը:





























