Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 17-ին ավարտական վկայականներ է հանձնել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտական կադրերի պատրաստման» դասընթացի անդրանիկ շրջանավարտներին:
Արարողությանը ներկա են եղել դպրոցին աջակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ պատվիրակության եւ ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարները:
Իր շնորհավորական խոսքում Է. Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.
«Մեր դպրոցր նոր դպրոց է. մեկ տարի է միայն գործում, եւ վստահ եմ, որ տարեցտարի ավելի կայացած կդառնա, արդյունավետ կլինի` ԱԳՆ-ի համար կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու գործում:
Դիվանագիտական դպրոցում դասախոսություններ կարդացին մասնագետներ Ռուսաստանից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Ճապոնիայից, Սլովակիայից, Շվեյցարիայից: Մի շարք արտաքին գործերի նախարարներ, մոտ երկու տասնյակ դեսպաններ դասախոսություններով հանդես եկան մեր դպրոցում:
Ձեզնից մի մասը, որոնք հաջողությամբ անցել են դասընթացը, տվել են առավել հաջողությամբ քննությունները, նաեւ ավարտական քննությունները, համալրելու են Արտաքին գործերի նախարարության շարքերը:
Ցանկանում եմ հաջողություն մաղթել ձեզ բոլորիդ, բոլոր նրանց, ովքեր ավարտել են, բոլոր նրանց, ովքեր ընդունվելու են ԱԳՆ:
Գիտեք, որ ԱԳՆ ընդունվածները վեց ամսվա փորձաշրջան պետք է անցնեն, եւ դրանից հետո դիվանագետ կդառնան: Համոզված եմ նրանց համար, ովքեր այդ հնարավորությունը չեն ունենալու, այլ հեռանկարներ կբացվեն:
Հուսով եմ, որ այս ամենը կշարունակվի, եւ ապագայում կգա մի օր, որ արտգործնախարարության միգուցե ոչ բոլոր դիվանագետները, բայց մեծամասնությունը կլինի ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտները»:
Նշենք, որ դիվանագիտական դպրոցի լավագույն 12 շրջանավարտները համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը եւ փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու պարագայում կստանան իրենց առաջին դիվանագիտական աստիճանը:



























