Քիչ առաջ «Էրեբունի» հիվանդանոցի մոտակայքում փետրվարի 18-ի հանրահավաքի իրազեկում իրականացնող` Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հարձակման ենթարկված երիտասարդներից մեկը` Արամայիս Ավետիսյանը: Նա պատմեց, որ ինքն եւ մեկ այլ ակտիվիստ, հիվանդանոցի շրջակայում թռուցիկներ են բաժանել, քաղաքացիները սիրահոժար ընդունել են դրանք: Իսկ հիվանդանոցի մուտքի մոտ նրանց են մոտեցել մի քանի երիտասարդներ, որոնցից մեկը թռուցիկ է խնդրել, եւ տեսնելով, որ այն իրազեկում է փետրվարի 8-ի հանրահավաքի մասին, փորձել է ՀԱԿ ակտիվիստների ձեռքից խլել թռուցիկների ողջ քանակը:
«Սկզբից չէիք տալիս, իսկ մի քիչ հետո մեզ մոտեցած երիտասրդներից մեկը ձեռքիցս խլեց ողջ թռուցիկները ու փախավ»,-պատմեց Արամայիսը: Ի դեպ, այս ողջ տեսարանին ականատես են եղել հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, ովքեր, սակայն, չեն միջամտել: Իսկ երբ ՀԱԿ ակտիվիստները խնդրել են թռուցիկ բաժանելուն խոչընդոտող երիտասարդներին ներկայանալ, եւ պարզել, թե ով է նրանց նման իրավունք տվել, նրանք վրդովվել են:
ՀԱԿ ակտիվիստները փորձել են տաքսի նստել ու հեռանալ, սակայն նրանց չի հաջողվել, քանի որ տաքսին շրջապատվել է 20-30 անհայտ անձանց կողմից, տեղի է ունեցել քաշքշուկ: ՀԱԿ ակտիվիստը հայտնեց, որ տաքսին շրջապատած երիտասարդները եղել են «Մերսեդես» մակնիշի 47 ՏԼ 777 համարանիշի եւ BMW «X 5» մակնիշի 47 ՈՈ 777 մակնիշի մեքենաներում: Արամայիսի փոխանցմամբ` այդ երիտասարդների գործողությունները ղեկավարում էր «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակությունը:
Նշենք, որ այսօր Թումանյան փողոցում նույնպես հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ ակտիվիստների վրա, նրանց ձեռքից անհայտ անձինք խլել են բարձրախոսը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը պատրաստվում է փաստի առթիվ հաղորդագրություն ներկայացնել ՀՀ ոստիկանություն:





























