Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է հանքարդյունաբերության ոլորտում, այսպես կոչված, «կանաչ» քաղաքականություն» իրականացնել: Այս մասին «Էկոլուր»-ին ասել է ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը:
«Ընկերությունն աշխատում է` ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, արեւմտյան չափանիշներով: Դա Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պահանջն է, որը մեր հիմնական բաժնետերն է»,- նշել է Ալոյանը:
IFC –ի չափանիշների համաձայն` ընկերությունը պետք է, մասնավորապես, գնահատի նախագծի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, անցկացնի սոցիալական եւ բնապահպանական միջոցառումներ, խորհրդակցի տեղական բնակչության հետ եւ այլն:
Ըստ նախագծի` ընկերության սոցիալական պատասխանատվության ներքո են մի քանի համայնքներ` Գորայքը, Գնդեվազը, Կեչուտը, Սարավանը: Մարդիկ գոհ են: Գորայք համայնքում վերանորոգել են ճանապարհները եւ գյուղապետարանի տանիքը: Գյուղին նվիրել են ջրի ֆիլտրացման սարք, նույնիսկ աղբն են գյուղից մեքենայով տանում, ինչը Հայաստանի համար աննախադեպ երեւույթ է: Բացվել են աշխատատեղեր: «Դեռ չեն սկսել ոսկի արդյունահանել, բայց մեզ արդեն օգնում են»,- ասում է Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը:
Ընկերության հաշվետվություններում նշված է, որ «Գեոթիմ»-ը փոխանցել է 17 հազար դոլլար Սյունիքի մարզի բնակիչների համար` ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Բարելավման գործընթացների ցանկում են Ամուլսարի ճամբար տանող հիմնական ճանապարհի վերանորոգումը, որտեղ գտնվում են աշխատողները եւ տեխնիկան: Ճանապարհներ են գցվել, որոնք Ամուլսարը կապում են մոտակա գյուղերի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի հետ: Միեւնույն ժամանակ, այդ ճանապարհները մտնում են հենց ընկերության ենթակառուցվածքի զարգացման մեջ: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում լինի ընկերություն, որը կարող է լավ օրինակ դառնալ, թե ինչպես է պետք կազմակերպել հանքադյունաբերական գործը»,- ասում է «Գեոթիմ» ընկերության շրջակա միջավայրի եւ համայնքների հետ կապերի մենեջեր Արմեն Ստեփանյանը:
Սոցիալական միջոցառումները նշված են տեղեկատուում, որը ընկերությունն ամեն ամիս բաժանում է համայնքներում: Այս տեղեկատուում կա նաեւ էկոլոգիական բաժին: Դրանում նշված է օրինակ, թե ջրի, օդի, հողի որքան նմուշ են վերցրել եւ հետազոտվել: Բայց, ցավոք, ոչ տեղեկատուում, ոչ «Lidian International»-ի պաշտոնական կայքում, որը «Գեոթիմ» ընկերության 100 %-անոց բաժնետերն է, ասված չէ, թե այդ նմուշներում ինչ է հայտնաբերվել: Իսկ դա կարեւոր է, քանի որ նմուշների պարունակության շնորհիվ կարելի է ենթադրել, թե ստույգ ինչ է արտանետվելու շրջակա միջավայր, երբ սկսվի հանքավայրի բաց եղանակով շահագործումը:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե որո՞նք են նախագծի գլխավոր ռիսկերը, Հայկ Ալոյանը պատասխանեց` փոշին: Փոշին առաջանում է պայթեցման եւ մանրացման աշխատանքների արդյունքում: Իսկ փոշու մեջ ծանր եւ տոքսիկ մետաղների խառնուրդի պարունակութան եւ տարածման մասին հարցին ի պատասխան Արմեն Ստեփանյանը հավաստիացրեց, որ ծանր խառնուրդները 15 րոպե անց նստում են եւ մնում են հանքավայրից մոտակա հեռավորության վրա` չհասնելով հեռավոր տարածքներ: Ա. Ստեփանյանը նաեւ նշեց, որ փոշու նստելու համար օգտագործվում են ջրման մեքենաներ, ինչպես նաեւ լինելու է անտառապաշտպան գոտի, որի համար Գնդեվազ գյուղում ստեղծվում է տնկարան:
Ըստ «Էկոլուրի»՝ նստում են միայն փոշու ծանր ֆրակցիաները, իսկ թեթեւները տարածվում են մեծ տարածության վրա: Թե ինչ են պարունակում այդ ֆրակցիաները, հայտնի չէ, քանի որ ապացույցները կարող են ներկայացվել միայն անալիզների, աղյուսակների արդյունքների տեսքով, որոնք ոչ մի տեղ ներկայացված չեն: Իսկ ինչ վերաբերվում է անտառապաշտպան գոտուն, ապա անտառը կաճի մի քանի տասնամյակ անց, իսկ նախագիծն արդեն ընթանում է ամբողջ թափով:




























