Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող նախկին շենքերի բնակիչները Երեւանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ են անում եւ ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, իսկ քաղաքապետարանին ուղղված վերջին դիմումին նույն պատասխանն է այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստին բարձրաձայնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը։
«Խնդրում եմ պարզապես կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում եւ լսել իրենց խնդիրը»,-նշեց ավագանու անդամը։
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց՝ հարցը օրակարգից դուրս էր, կարող էր ավագանու անդամը առանձին էլ ասել, բայց նշեց՝ խնդիր չկա․ «Որքան էլ զարմանալի չէ, բայց այսօր եւս կարող են պատասխանները լինել նույնը, ինչ երեք տարի առաջ: Ես կուզեի, որ սա ուսումնասիրվեր եւ նորից պատասխան տրվեր, բայց կոնկրետ այս հարցում, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի գործառույթը չկա: Լավ է, որ մեր քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանում են, բայց եթե իրենց իրավաբանական կոնսուլտացիա տրվեր, կասվեր, որ քաղաքապետարանը այստեղ անելիք չունի: Ինչքան էլ ես ուզենամ, մեր լիազորությունների մեջ չէ դա»։
Էռնեստ Ավանեսովը արձագանքեց՝ քաղաքացիները դիմել են «մեկ պատուհանով», իրենց ուղղորդել են «Երեւան» հիմնադրամ:
Արձագանքելով դիտարկմանը՝ Մարությանը պատասխանեց․«Անուններով, ազգանուններով, ով է ուղղորդել, մենք կհասկանանք։ Եթե սխալ է ուղղորդել, նկատողություն կստանա»։




























