Մենք միշտ ֆիքսվել ենք տնտեսական աճի ցուցանիշի, ոչ թե զարգացման վրա, իսկ դրանք տարբեր բաներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, տնտեսական վերլուծաբան, լրագրող Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, գրում է.
«Մի կարեւոր ծրագրային դրույթի մասին էլ խոսեմ։
Հիշում եք չէ՞, որ երբ, օրինակ, 2017 թվականին արձանագրվեց բավականին բարձր՝ 7.5% տնտեսական աճ, շատերը հարցնում էին՝ իսկ ինչո՞ւ բնակչությունն այդ աճը չի զգում, ինչո՞ւ գործազրկությունը համարժեք չափով չի նվազում, ինչո՞ւ աղքատությունը չի նվազում եւ այլն։
Ու այս հարցը միշտ հնչել է, երբ խոսվել է լավ ցուցանիշների մասին։
Ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ մենք միշտ ֆիքսվել ենք տնտեսական աճի ցուցանիշի, ոչ թե զարգացման վրա։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Հնարավոր է տնտեսական աճի տպավորիչ աճի ցուցանիշ ունենալ (ասենք՝ բուքմեքերական ոլորտի կամ հանքարդյունաբերության հաշվին), սակայն դրանից տնտեսությունը ոչինչ չշահի։
Վերջին տարիներին սկսեցին խոսել ներառական աճի մասին՝ այնպիսի աճի մասին, որին մասնակցություն կունենային հնարավորինս շատ թվով մարդիկ եւ հետեւաբար՝ կզգային դրա ազդեցությունը։ Այսինքն, ներառական տնտեսական աճը, կարելի է ասել, հենց զարգացումն է։
Ներկայիս կառավարությունն էլ է խոսում ներառական աճի մասին։ Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ աճը իրականում ներառակա՞ն է,թե՞ ոչ։ Ինչպե՞ս հասկանալ՝ դա ընդամենը ՀՆԱ-ի մեխանիկական ա՞ճ է, թե՞ զարգացում։
Այդ մասով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարող եք կարդալ հետեւյալը
ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԻՆԴԵՔՍԸ։
Այսինքն, մշակվելու է ստանդարտացված նոր ցուցանիշ, որը կհաշվարկվի ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլ նաեւ աղքատության մակարդակի, գործազրկության, եկամուտների բեւեռացվածության եւ այլ ցուցանիշների հիման վրա։
Այն թույլ կտա իրոք հասկանալ՝ Հայաստանի տնտեսությունը զարգանո՞ւմ է, թե՞ պարզապես ՀՆԱ-ի ցուցանիշն է աճում։
Տնտեսական աճը այլեւս չի լինելու ինքնանպատակ, եւ ներդրվելիք ցուցանիշը թույլ կտա գնահատել՝ որքանո՞վ է կառավարությունը հաջողվել ՀՀ տնտեսության զարգացման հարցում»:





























