Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարական օդանավում տեխնիկական խափանումը, որը Քյոլնում հարկադիր վայրէջք է կատարել, առնչվել է ցամաքի հետ օդանավի կապի համար պատասխանատու բոլոր համակարգերին, հայտնում է Spiegel ամսագիրը:

Պարբերականի տեղեկություններով՝ օդանավում իրավիճակն այնքան լուրջ էր, որ դրա մասին անմիջապես հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Քյոլնի օդանավակայանում օդանավի վայրէջքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ:

Welt պարբերականը հայտնում է, որ Մերկելի օդանավի օդաչուն թռիչքից 20 րոպե հետո ուղարկել է վթարային 7600 գաղտնագիրը, որն օգտագործվում է ավիակարգավորողի հետ հուսալի կապի կորստի մասին ահազանգելու համար:

Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ Մերկելի օդանավը Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթնաժողովին մեկնելու ճանապարհին Քյոլնում հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով:

Ինբքը՝ Մերկելը խոստովանել է, որ ուղեկցորդներից տեղեկանալով ինչ-որ միջադեպի մասին՝ նախ որոշել է, որ Գերմանիայում է ինչ-որ բան պատահել: Ընդ որում՝ կանցլերը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը չի նշանակում կառավարական օդանավերի ոչ հուսալիություն:

Welt-ը հայտնում է, որ միջադեպի պատճառով Մերկելը, հավանաբար, չի հասցնի G20 գագաթնաժողովի սկզբին: Պարբերականի տեղեկություններով՝ նա փոխկանցլեր Օլաֆ Շոլցի հետ փորձում է ուրբաթ առավոտյան Բուենոս Այրես մեկնել կանոնավոր չվերթով: