Շուրջ 20 րոպե է` «Արթիկ» ՔԿՀ-ում, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկումը:  Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, դատական նիստն սկսելուց հետո պաշտպանական կողմը միջնորդել է  հինգ րոպեանոց ընդմիջում հայտարարել, որպեսզի  դատական նիստին մասնակցել ցանկացող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Արթիկցի մի խումբ քաղաքացիներ ցուցակագրվեն եւ մտնեն դատական նիստի դահլիճ: Դատական նիստին մասնակցել ցանկացողներն այս անգամ աննախադեպ մեծ թիվ են կազմում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ.  նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում: