Գյուղատնտեսության նախարարը կրծողների դեմ պայքարն սկսել է նախորդ տարվանից: Այս մասին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է այսօր՝ փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ուշագրավն այն է, որ թեեւ նոր նախարարը նշել է, թե անցած տարվանից են սկսել պայքարել այդ խնդրի դեմ, այնինչ նա այդ ոլորտի ղեկավար է նշանակվել այս տարի:

«Այդ խնդիրներն արմատապես ընդհանրապես չեն լուծվում, լուծվում են փուլ առ փուլ: Մենք անցյալ տարվանից սկսել ենք կրծողների դեմ պայքարը եւ այս տարի նորից շարունակել ենք: Անցյալ տարի 17 տոննա թույներ են ներկրվել մարզային կառույցներին, համայնքներն իրենք են զբաղվել այդ հարցով, այն շարունակվելու է եւ լուծումներ կստանա այս տարի, այնպես որ աշնանը տեղադրված թույների արդյունքը գարնանը կերեւա»,-ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ հիմա մարդիկ պարզապես այդ արդյունքը չեն տեսնում այդ պատճառով էլ որոշ տեղերում առկա է դժգոհություն: