Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 19-20-ին տեղի կունենա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթ»-ի բանավոր փուլը, որի անցկացման մասին հայտարավել էր  2010թ.-ի սեպտեմբերին:

Մրցույթին մասնակցում են յոթ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներից կազմված թիմեր, որոնց տրամադրվել է հիպոթետիկ գործ` հայաստանյան եւ արտերկրյա ընկերության միջեւ ծագած մի մտածածին վեճի մասին, որը ներառում է ապրանքային նշաններին եւ հեղինակային իրավունքին վերաբերող մի քանի խնդիրներ: Այս գործի ուսումնասիրության եւ երկար հետազոտությունների արդյունքում թիմերն արդեն կազմել եւ մրցույթի դատավորներին են ներկայացրել իրենց կողմից պատրաստված գրավոր աշխատանքները` հայցվորի հայցադիմումը եւ պատասխանողի պատասխանը, իսկ բանավոր փուլի ընթացքում ներկայացնելու են իրենց վստահորդի շահերը որպես հայցվոր եւ պատասխանող:

Նմանատիպ, ինչպես արտերկրյա, այնպես էլ տեղական այլ դատախաղ մրցույթների տարիների փորձը ցույց է տալիս, որ այսպիսի մրցույթները լավագույն միջոցն են այս բնագավառի լավագույն մասնագետներ եւ դասախոսներ պատրաստելու համար` հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ԲՈՒՀ-երում խորությամբ չեն դասավանդվում նմանատիպ առարկաները եւ չկան այս բնագավառի շատ մասնագետներ:

Հարկ է նշել, որ որպես մրցույթի դատավորներ հրավիրված են գործող եւ նախկին դատավորներ, մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մասնագետներ եւ իրավաբաններ:

Microsoft Inc.-ի հայաստանյան գրասենյակը եւս աջակցում է մրցույթին եւ հաղթող թիմի անդամներին, որպես մրցանակ, տրամադրելու է Windows ծրագրի լիցենզիոն օրինակներ, իսկ մյուս թիմերի անդամներին` այլ նվերներ: