Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը ամոթալի է ոչ միայն երկրի, այլ նաեւ այն ստորագրած քաղաքական ուժերի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ այդ փաստաթղթում առկա ձեւակերպումները հակաքաղաքագիտական են:
Նա մեջբերելով հուշագրի այն հատվածը, որում ասվում է, թե «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»` հայտարարեց. « Սա նշանակում է, որ երեք կուսակցություններ ստորագրել են հետեւյալի մասին հայտարարություն. միջնեկ եղբայրը մեծ եղբորից փոքր է, փոքր եղբայրը միջնեկ եղբորից փոքր է, եւ փոքր եղբայրը երբեք չի փորձելու ձեւանալ միջնեկ եղբորից մեծ, միջնեկ եղբայրը երբեք չի ձեւանալու ավագ եղբորից մեծ: Իրար դեմ չեն գործելու, գործելու են մնացածի դեմ»:
Ստեփան Սաֆարյանի խոսքով` այս հուշագիրը կարելի է դիտարկել առաջիկա ընտրությունները կեղծելու մասին հայտարարություն, քաղաքական կոռուպցիայի վկայություն: Բացի այդ հուշագիրը նաեւ ժողովրդի երեսին թքելու փորձ է, քանի որ ժողովրդի քվեն է որոշում խորհրդարանի պատկերը: «Երբ մարդիկ ասում են`մենք մտադրություն չունենք ավելացնել կշիռը, պիտի հասկանան, կշիռն ավելացնողն իրենք չեն»,-հայտարարեց Սաֆարյանը: Նրա խոսքով` այս հայտարարությունը վկայում է նաեւ, որ այն ստորագրած կուսակցությունները չունեն լիդերներ, քանի որ 2013-ի նախագահական ընտրություներույմ պաշտպանելու են այն թեկնածուին, որին իրենց կառաջարկեն: «Ավելի լավ կլիներ այդ կուսակցությունները հայտարարեին, որ լուծարվում են եւ միավորվում են մեկ կուսակցության մեջ»,-նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:





























