Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին մինչեւ սպանվելը քննադատել էր Սաուդյան Արաբիայի եւ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի քաղաքականությունը, ինչպես նաեւ պլանավորել էր Սաուդյան իշխանությունների դեմ երիտասարդական օնլայն շարժում ստեղծել, հայտնում է  CNN–ը։

Հեռուստաալիքի ձեռքի տակ է հայտնվել WhatsApp–ում Խաշոգջիի եւ Մոնրեալում ապրող ակտիվիստ Օմար Աբդուլ Ազիզ գրագրությունը։ Հաղորդագրություններից, այդ թվում նաեւ աուդիոներից, ֆոտոներից եւ վիդեոներից պարզ է դառնում, որ լրագրողը մտահոգված է եղել Սաուդյան Արաբիայում իրավիճակով եւ քննադատել է թագաժառանգին՝ նրան «գազան» եւ «պոկեմոն» անվանելով։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գրագրությունից պարզ է դառնում, որ Խոշոգջին խոսքից որոշել է անցնել գործի։ Զրուցակիցները սկսել են պլանավորել երիտասարդական առցանց շարժման կազմակերպումը։

«Ջամալը կարծում էր, որ MBS–ն խնդիր է, եւ այդ երեխային պետք է կանգնեցնել»,–ասել է Աբդուլ Ազիզը CNN–ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ օգոստոսին Խաշոգջին սկսել է կասկածել, որ իրենց գրագրությունը հայտնվել է Սաուդյան իշխանությունների ձեռքում։ Երկու ամիս անց նա սպանվել է։