Ճապոնիան Չինաստանին բողոք է հայտնել՝ կապված վիճելի շրջանում գազի հանքավայրերի մշակման հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգային:

Նշվում է, որ չինական կողմը միակողմանի կարգով իր գործունեությունը վերսկսել է Արեւելաչինական ծովի շրջանում:

«Այս գործողություններն ամբողջությամբ հակասում են Ճապոնիայի դիրքորոշմանը: Ծայրահեղ ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Չինաստանը միակողմանի կարգով մշակումը շարունակում է: Մենք բողոք ենք հայտնել»,- հայտարարել է Սուգան:

Հստակեցվում է, որ 2008 թվականին Ճապոնիան եւ Չինաստանը համաձայնագիր էին ստորագրել Արեւելաչինական ծովում գազային հանքավայրերի համատեղ մշակման մասին: Սակայն բանակցությունները 2010 թվականին սառեցվել էին, երբ ճապոնական առափնյա պահպանությունը վիճելի տարածք համարվող Սենկակու կղզիների շրջանում ձերբակալել էր չինական ձկնորսանավը:

Ընդգծվում է, որ այս միջադեպից հետո Ճապոնիայի իշխանությունները բազմիցս Չինաստանին կասկածել են գազի հանքավայրերի միակողմանի մշակումներ անցկացնելու մեջ, չնայած երկրների միջեւ գոյություն ունեցող համաձայնագրին: