Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները «շղթայական ռեակցիայով, դոմինոյի էֆեկտով» տեղափոխվում են մի երկրից մյուսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 18-ին հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են ավելի վատ տարբերակով հեռանալ, քան Թունիսի եւ Եգիպտոսի իշխանությունները հեռացան:

Պատգամավորի խոսքով` եթե արդարության պակասը երկրում դառնում է խրոնիկական, եւ իշխանությունը չի արձագանքում հասարակությանը հուզող խնդիրներին, ապա հասարակությունը ժայթքում է. «Փորձը ցույց է տալիս, որ նման բռնապետական ռեժիմները երկար կյանք չունեն:

Հայաստանն էլ Մերձավոր Արեւելքի մի մասն է: Ու եթե իշխանությունը վախենում է հեղափոխություններից, ապա ճիշտ է անում: Որեւէ հուշագիր, հպատակագիր, ղազագիր կամ այլ գիր չի կարող նրանց օգնել»,-հայտարարեց Սաֆարյանը:

Նա որպես ժողովրդական ընդվզման ամենաթարմ օրինակ վկայակոչեց երեկ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիան, եւ ոստիկանական ուժերի կողմից իրականացված «կոլցո» օպերացիան:

«Երեկ Գյումրին նման էր Կահիրեին: Երեկ պիտի գային ու լսեին, թե Գյումրիի հազարավոր մարդիկ ինչ էին խոսում ոստիկանության մասին, նրանց պղծումների, ապօրինությունների մասին: Ես երեկ ոստիկանությանը խղճում էի, ես նրանց ասում էի, որ իրենք են բլոկադայի մեջ ու իրենք ազատագրման կարիք ունեն»,-հայտարարեց Սաֆարյանը: Նա նաեւ պահանջեց Հայաստանի կառավարությունից եւ վարչապետից պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանապետին` Գյումրիում ոստիկանների ցուցաբերած վարքագծի` վարորդների բողոքի ակցիան խոչընդոտելու համար:

Պատգամավորը երեկ բազմիցս փորձել է կապ հաստատել ոստիկանապետի հետ` Գյումրիում տեղի ունեցածի մասին իրազեկելու, սակայն նա անհասանելի է եղել: Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը հայտաարարեց նաեւ, որ մտադիր են առաջիկա շաբաթվա ընթացքում արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններ մտցնելու հարցը` վերականգնելով ավտոմեքենաների  մաքսազերծման նախկին կարգը: