«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը կարելի է համարել այդ կուսակցության ոչնչացում, ավելին ԲՀԿ այսկերպ դարձավ Հանրապետական կուսակցության կցորդը, ինչպես «Օրինաց երկիրը»։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ԲՀԿ-ն կցորդ էր նաեւ մինչ այժմ, սակայն ոչ այդքան ընդգծված կերպով։
ՍԴՀԿ առաջնորդի խոսքով, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին շրջանի հակամարտությունն ավելի շուտ Սերժ-Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտություն էր, որում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Քոչարյանի կողմից ՀՀ ներկայիս նախագահի դեմ օգտագործվող խաղաքարտ։
Նշենք,որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների առաջնորդները կոալիցիոն համաձայնագիրը ստորագրել են երեկ՝ փետրվարի 17-ին։ Համաձայնագրի ստորագրմամբ ամրագրվել է, որ վերոնշյալ ուժերը 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու են Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։





























