Վրաստանում փետրվարի 12-ին կայացել է «Հանուն Կովկասի կայունության» խորագրով տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՀԿ-ների ներկայացուցիչներ ու լրագրողները:
Համաժողովում քննարկվել են բնապահպանական, բնական միջոցների արդյունավետ օգտագործման, տարածաշրջանում տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության եւ անվտանգության հիմնախնդիրները:
Համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ` «Հարավային Կովկասում կայունության եւ կայուն զարգացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր, ըստ որի` կողմերը համաձայնել են.
ա) արդյունավետ ու արգասաբեր աշխատանքի համար հիմնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած համակարգող խումբ` հավասարության (պարիտետային) սկզբունքով,
բ) խմբում ընդգրկել քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր ընդունում են ժողովրդավարության եւ Եվրոպայի Կանաչների շարժման սկզբունքները,
գ) խմբի աշխատանքները կառուցել փոխադարձ հարգանքի, գործակցության եւ փոխհամաձայնության հիման վրա,
դ) խմբի կազմավորվելուն պես նախաձեռնել «Տարածաշրջանային անվտանգությունը եւ կայուն զարգացումը» ընդհանուր ծրագրահենքի ստեղծման աշխատանքները,
ե) համակարգող խմբի ջանքերն ակտիվ աշխատանքի նպատակաուղղել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ընդունում են վերոնշյալ սկզբունքները,
զ) խմբի աջակցությամբ ստեղծել ու ամրապնդել ընդհանուր վիրտուալ ցանց, որտեղ տարածաշրջանի կայուն զարգացման խնդիրների քննարկմանը կարող են մասնակից դառնալ թե անհատներ եւ թե կազմակերպություններ:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում եղել են «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարությանե կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, նույն կենտրոնի անդամ Ռուբեն Սարգսյանը, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Մարինա Գարաչյանցը, «Մենք ենք տերը այս քաղաքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը եւ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:





























